ԱԲ՝ քաղաքացիական հասարակության և բարեգործության համար

Օգնում ենք համայնքներին այժմ և լայն մասշտաբով օգտվել ԱԲ-ից՝ սկսելով առողջապահական արդյունքների բարելավմանն ուղղված 100 միլիոն դոլարի հատկացումից։

Հեղինակ՝ Anna Makanju

Ինչպե՞ս կարող ենք ապահովել, որ արհեստական ընդհանուր բանականությունն օգուտ բերի ողջ մարդկությանը։

Այս հարցն ընկած է OpenAI Foundation-ի գործունեության հիմքում։ Մենք այս առաքելությունն իրականացնում ենք մի քանի ուղղությամբ՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող է առաջադեմ ԱԲ-ն արագացնել գիտական առաջընթացը, օգնելով հասարակությանը ձևավորել դիմակայունություն, որն անհրաժեշտ է շարունակ զարգացող ԱԲ-ի պայմաններում կողմնորոշվելու համար, և վերլուծելով, թե տեխնոլոգիան ինչպես է ձևավորելու աշխատաշուկան ու տնտեսությունը։ Այս ներդրումներն էական են՝ ապահովելու համար, որ երկարաժամկետ հեռանկարում ԱԲ-ն օգուտ բերի մարդկությանը։

Նույնքան կարևոր է հարցնել, թե ԱԲ-ն ինչպես կարող է մարդկանց ու համայնքներին օգնել հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց նրանք բախվում են այսօր։ Մենք համոզված ենք, որ դրան հասնելու գործում քաղաքացիական հասարակությունն առանցքային դեր ունի։

Հենց այդ պատճառով OpenAI Foundation-ը մեկնարկում է «ԱԲ՝ քաղաքացիական հասարակության և բարեգործության համար» նոր ծրագիրը, որի նպատակն է առաջադեմ ԱԲ-ն կիրառել այսօր աշխարհի տարբեր ծայրերում մարդկանց և համայնքների առջև ծառացած խնդիրների լուծման համար։

Շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ակադեմիական հաստատությունները, համայնքային դաշինքներն ու բարեգործական կազմակերպությունները կենսական նշանակություն ունեն մեր հասարակական կառուցվածքի համար։ Նրանք կենսական ծառայություններ են մատուցում և հաճախ ամենամոտն են այն խնդիրներին, որոնց լուծման գործում տեխնոլոգիան կարող է առավել մեծ ազդեցություն ունենալ։ «Մարդն առաջնային է» ԱԲ հիմնադրամի միջոցով մենք անձամբ տեսել ենք, թե ինչպես են վստահություն վայելող կազմակերպություններն ԱԲ-ն կիրառում իրենց համայնքներին ծառայելու համար, և դեռ որքան մեծ ներուժ կա։

Պատմականորեն տեղական կենսական ծառայություններ մատուցող կազմակերպությունները նոր տեխնոլոգիաները որդեգրողների կամ դրանցից օգտվողների շարքում վերջիններից են եղել։ ԱԲ-ն կարող է մինչ այժմ եղած տեխնոլոգիաներից ամենավերափոխիչը լինել, և մենք չպետք է թույլ տանք, որ նույն օրինաչափությունը կրկնվի նաև այս դեպքում։ Այս շրջափուլը կոտրելու համար միայն գործիքների հասանելիությունը բավարար չէ․ անհրաժեշտ են լայնածավալ ու շարունակական ներդրումներ, տեխնիկական փորձառություն և պատասխանատու ներդրման աջակցություն՝ հիմնված առավել մեծ ազդեցություն կրող համայնքներում գործող, վստահություն վայելող կազմակերպությունների հետ համատեղ որոշումների կայացման վրա։

Մենք սկսում ենք երեք առաջնահերթությունից․

  • ԱԲ-ն կիրառել կենսական ծառայություններում, որտեղ այն կարող է էապես բարելավել հասանելիությունն ու արդյունքները։

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրել ԱԲ-ն պատասխանատու կերպով ներդնելու համար անհրաժեշտ գործիքներ, փորձառություն և աջակցություն։

  • Ստեղծել ընդհանուր ենթակառուցվածք, որպեսզի արդյունավետ գործիքները, փաստերն ու քաղված դասերն օգուտ բերեն ամբողջ սոցիալական ոլորտին։

Մենք ցանկանում ենք օգնել կազմակերպություններին որոշել, թե ԱԲ-ն իրականում որտեղ կարող է ամրապնդել նրանց աշխատանքը, և տրամադրել այն գործնականում կիրառելու ռեսուրսներ։

100 միլիոն դոլարի հատկացում՝ բուժօգնության թիմերն ամրապնդելու համար

Մեր առաջին գործընկերությունը 100 միլիոն դոլարի հատկացում է Common Health Coalition-ին՝ երկրի խոշորագույն բազմոլորտ առողջապահական համագործակցությանը։ Այն կմեկնարկի Breakthroughs to Follow-Through (B2F) համազգային նախաձեռնությունը, որն ԱԲ-ի միջոցով կօգնի, որ կյանք փրկող բժշկական ձեռքբերումները հասնեն այն մարդկանց, որոնք կարող են օգտվել դրանցից։

B2F-ը կհամագործակցի նահանգային առողջապահական գերատեսչությունների, առողջապահական համակարգերի, բուժծառայություն մատուցողների և համայնքային կազմակերպությունների հետ։ Նախաձեռնության առաջին նպատակը Ալաբամայում, Իլինոյսում, Լուիզիանայում և Մասաչուսեթսում հեպատիտ C-ի բուժման ցուցանիշը կրկնապատկելն է, իսկ լրացուցիչ տարածաշրջանների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Հեպատիտ C-ն ակնառու է դարձնում խնդիրը․ բարձր արդյունավետությամբ բուժումը հասանելի է ավելի քան մեկ տասնամյակ, սակայն հասանելիության, ախտորոշման, բուժման և հետագա հսկողության շարունակական խոչընդոտների պատճառով այս հիվանդությամբ ապրող ամերիկացիների երկու երրորդը դեռ բուժում չի ստանում։ Արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են գտնվել լյարդի կանխարգելելի հիվանդությունների վտանգի տակ։

ԱԲ-ով աշխատող գործիքները կարող են օգնել բուժօգնության թիմերին հայտնաբերել և կրկին կապ հաստատել բուժումից դուրս մնացած պացիենտների հետ՝ համադրելով գրառումները, հետևելով առաջընթացին և անձնակազմի սահմանափակ կարողություններն ուղղելով այնտեղ, որտեղ դրանք կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ։ Նպատակը բուժօգնություն տրամադրող մարդկանց փոխարինելը չէ, այլ նրանց օգնելը, որ ավելի շատ պացիենտների հասնեն՝ միաժամանակ նվազեցնելով վարչական բեռը։ Ժամանակի ընթացքում B2F-ն այս ենթակառուցվածքը կտարածի նաև այլ ոլորտների վրա, որտեղ արդյունավետությունն ապացուցած բուժումներն ու միջամտությունները չեն հասնում դրանց կարիքն ունեցող մարդկանց, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելմանը և բուժելի քաղցկեղի որոշ տեսակներին։

Այս աշխատանքի մասին ավելին կարող եք կարդալ Common Health Coalition-ի՝ այսօր հրապարակած հայտարարության մեջ։

Հայացք դեպի ապագա

B2F-ն ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարելի է ԱԲ-ն ծառայեցնել հանրային բարօրությանը։ Մենք աշխատում ենք տարբեր խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և համայնքների հետ՝ գյուղատնտեսությունից մինչև իրավաբանական օգնություն ու մարդասիրական արձագանք, որպեսզի հասկանանք, թե ԱԲ-ն որտեղ կարող է էապես ամրապնդել նրանց աշխատանքը, ինչ խոչընդոտներ կան դրա ներդրման ճանապարհին, և ինչպիսի ներդրումներ ու աջակցություն են անհրաժեշտ։

Այս խնդիրներին ամենամոտ կանգնած մարդիկ պետք է որոշեն, թե որոնք արժե լուծել, և առաջնորդեն ու ձևավորեն լուծումների իրականացումը։ Մեր դերն է նրանց փորձառությունը համադրել մեր փորձառության հետ՝ համագործակցելով նոր գաղափարներ ու լուծումներ փորձարկելու և կապիտալ, տեխնիկական աջակցություն ու գործընկերային հնարավորություններ տրամադրելու համար, որպեսզի պարզենք՝ արդյոք և ինչպես կարող է ԱԲ-ն օգնել։

Տեխնոլոգիական առաջընթացը պետք է չափվի դրանից օգտվող մարդկանց թվով։

Եթե ցանկանում եք կապվել «ԱԲ՝ քաղաքացիական հասարակության & բարեգործության համար» մեր թիմի հետ, գրեք [email protected] հասցեով։