Ընդլայնում ենք ԱԲ-ի առավելությունները՝ սկսելով ձայնից

Հեղինակ՝ Anna Makanju

Այսօր OpenAI Foundation-ը միացավ Գեյթսի հիմնադրամին և աշխարհի տարբեր երկրների գործընկերներին՝ ստանձնելով ընդհանուր հանձնառություն, որպեսզի ԱԲ-ն գործի աշխարհի բոլոր լեզուներով։

ԱԲ-ի առավելությունները պետք է հասանելի լինեն մարդկանց՝ անկախ այն բանից, թե նրանք ինչ լեզվով են խոսում։ Սակայն միլիարդավոր մարդկանց, հատկապես նրանց համար, ում լեզուները երկար ժամանակ անտեսվել են տեխնոլոգիաների կողմից, այսօրվա ԱԲ մոդելները դեռևս շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ու օգտակարություն ունեն։

ԱԲ-ի առավելությունները լայնորեն հասանելի դարձնելու համար նախատեսում ենք մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը դարձնել սակավ ռեսուրսներով լեզուներում մոդելների արդյունավետության բարձրացումը։ Կսկսենք ձայնային ԱԲ-ի համար անհրաժեշտ տվյալներից և ենթակառուցվածքից, քանի որ այս ոլորտում արդյունավետության ու հասանելի տվյալների բացերը հատկապես մեծ են։ Կկենտրոնանանք այն լեզուների վրա, որոնք, հավանաբար, բավարար առևտրային ներդրումներ չեն ներգրավի։

Շատերի համար խոսքը տեխնոլոգիաներից օգտվելու ամենաբնական ու հասանելի միջոցն է։ Լայն հնարավորություններով ձայնային մոդելները կարող են օգնել մեր դրամաշնորհառուներին և բազմաթիվ այլ կազմակերպությունների՝ սպասարկելու շատ ավելի մեծ թվով համայնքների։ Առողջապահական ծառայություն զանգահարող պացիենտը կարող է նկարագրել իր ախտանշանները, իր լեզվով պատասխանել լրացուցիչ հարցերին և ուղղորդվել համապատասխան բուժօգնության։ Իր լեզվով բանավոր հարց տվող գյուղատնտեսը կարող է ստանալ իր հողակտորին ու մշակաբույսին համապատասխանեցված ցանքի խորհուրդներ։

Աշխարհի խոշորագույն ՀԿ-ի՝ BRAC-ի գործադիր տնօրեն Ասիֆ Սալեհն ասում է. «Երբ [BRAC]-ը ձեռնամուխ եղավ Բանգլադեշում մեր բուժաշխատողների համար ԱԲ գրագիր ստեղծելուն, բենգալերենում մոդելների սահմանափակումները խանգարեցին մեզ։ Մեր սպասարկած համայնքների համար ձայնը այս տեխնոլոգիայից օգտվելու միակ գործնական միջոցն է։ Ուստի մեր լեզուներում դրա ճիշտ աշխատանքից է կախված՝ արդյոք ԱԲ-ն իսկապես օգտակար կլինի այն 145 միլիոն մարդկանց համար, որոնց մենք աջակցում ենք, թե գրեթե ոչինչ չի փոխի նրանց կյանքում»։

Որպեսզի AGI-ն օգուտ բերի ողջ մարդկությանը, այս խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է զգալի առաջընթաց գրանցել։ Հպարտ ենք, որ այս բացը վերացնելու հանձնառություն ստանձնած կազմակերպությունների, երկրների և առաջնորդների դաշինքի մաս ենք կազմում, և ակնկալում ենք նոր մանրամասներ ներկայացնել՝ գործընկերների հետ այս աշխատանքը զարգացնելուն զուգընթաց։

Դաշտում կանգնած կինը սմարթֆոնը պահել է բերանի մոտ։