
OpenAI հիմնադրամի թարմացում
Գրառում OpenAI Foundation-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրետ Թեյլորից
Անցած աշնանը OpenAI-ը հայտարարեց իր վերակապիտալիզացիայի մասին, որպեսզի OpenAI Foundation-ի համար զգալի ռեսուրսների հասանելիություն ապահովի։ Այսօր մենք կիսվում ենք, թե ինչպես է Foundation-ը սկսում գործի դնել այդ աջակցությունը։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է ապահովել, որ արհեստական ընդհանուր բանականությունը օգտակար լինի ողջ մարդկությանը։ Սա բազմակողմանի նախաձեռնություն է։
Արհեստական բանականությունն արդեն փոխում է մարդկանց աշխատանքի, սովորելու և բուժօգնություն ստանալու ձևը։ Այն ունի արտասովոր առավելությունների դուռը բացելու ներուժ՝ բժշկության մեջ բեկումնային ձեռքբերումների ավելի արագ տեմպ, արագացված գիտական հայտնագործություններ, առողջապահության և կրթության ոլորտներում ավելի անհատականացված ծառայություններ, ստեղծարարության և գյուտարարության նոր գործիքներ, ավելի բարձր արտադրողականություն և տնտեսական աճ, բարելավված հանրային ծառայություններ, օրինակ՝ տրանսպորտային համակարգեր, և շատ ավելին։ Այս ներուժի նկատմամբ մեր հավատն ուղեկցում է OpenAI-ին դրա հիմնադրման օրվանից ի վեր։
Սակայն մարդկությանն օգուտ բերելու համար հզոր համակարգերի ստեղծումը մեր առաքելության միայն մի մասն է։ Առաջադեմ ԱԲ մոդելները նոր մարտահրավերներ կառաջացնեն, որոնք արդեն ի հայտ են գալիս, և մենք պետք է պատրաստ լինենք դրանք բացահայտելուն և լուծումներ մշակելուն։
Սրանք այն երկու ուղղություններն են, որոնց համար մենք ստեղծում ենք Foundation-ը։ Մեր նպատակն է հնարավոր դարձնել ԱԲ-ի օգտագործումը՝ մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրների լուծումները գտնելու, մարդկանց հնարավորությունների սահմանները վերափոխելու և մարդկանց կյանքում իրական օգուտներ բերելու համար, ինչպես նաև գործընկերների հետ ջանասիրաբար աշխատելով՝ միաժամանակ պատրաստ լինելու նոր մարտահրավերներին և օգնելու հասարակությանը հարմարվել ԱԲ-ի առաջընթացին ու զարգացմանը։
Այս աշխատանքը նոր է սկսվում։ Հաջորդ տարվա ընթացքում, մեր գործունեության արագ ընդլայնմանն ընդառաջ, Foundation-ն ակնկալում է առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում անել կենսաբանական գիտությունների և հիվանդությունների բուժման, աշխատատեղերի և տնտեսական ազդեցության, ԱԲ կայունության և համայնքային ծրագրերի ոլորտներում։ Սա ներառում է նախնական ներդրումներ մեր կողմից ավելի վաղ հայտարարված 25 միլիարդ ԱՄՆ դոլարի հանձնառության շրջանակներում, որը միտված է հիվանդությունների բուժմանը և արհեստական բանականության կայունության ապահովմանը։
Առաջիկա ամիսներին մենք կկիսվենք այս ոլորտներից յուրաքանչյուրում կատարված թարմացումներով, քանի որ կառուցում, սովորում և կատարելագործում ենք մեր մոտեցումը և նոր դրամաշնորհների ու ծրագրերի միջոցով առաջ մղում մեր առաքելությունը։
Կենսաբանական գիտություններ և հիվանդությունների բուժում1
Մենք սկսում ենք «Կենսաբանական գիտություններ և հիվանդությունների բուժում» ոլորտից, որտեղ, մեր կարծիքով, արհեստական բանականությունը հսկայական ներուժ ունի՝ արագացնելու գիտական և բժշկական առաջընթացը՝ կյանքեր փրկելու և բարելավելու համար։ Մենք արդեն տեսնում ենք այս ոլորտներում ԱԲ կարողությունների բազմաթիվ վաղ նշաններ։ Հետազոտողներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ հիվանդություններն ավելի լավ հասկանալու, դրանց կանխարգելման և բուժման նոր եղանակներն ուսումնասիրելու և գաղափարները տեսականից գործնական փուլի ավելի արագ հասցնելու համար։
Հիմնադրամում մենք նույնականացրել ենք ուշադրության սկզբնական երեք ոլորտ, որտեղ, մեր կարծիքով, այս աշխատանքը կարող է իրական հեղափոխություն անել․
ԱԲ-ն Ալցհայմերի դեմ. Ալցհայմերի հիվանդությունն ամենադժվար և ամենասրտաճմլիկ հիվանդություններից մեկն է, որոնց բախվում են ընտանիքները, ինչպես նաև բժշկության ամենաբարդ խնդիրներից մեկը։ ԱԲ-ի՝ բարդ տվյալների շրջանակներում տրամաբանելու ունակությունը կարող է օգնել հետազոտողներին բացահայտել նոր պատկերացումներ։ Մենք համագործակցելու ենք առաջատար հետազոտական հաստատությունների հետ՝ սկզբնական փուլում կենտրոնանալով հիվանդությունների զարգացման մեխանիզմների բացահայտման, կլինիկական խնամքի և փորձարկումների համար կենսանշանների հայտնաբերման, ինչպես նաև բուժումների անհատականացման արագացման վրա՝ ներառյալ, հնարավորության դեպքում, ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից արդեն հաստատված դեղանյութերի նոր կիրառությունների որոնումը։
Հանրային տվյալներ՝ առողջության համար. բժշկության ամենամեծ առաջընթացներից շատերը հնարավոր են դարձել համօգտագործվող գիտական տվյալների շնորհիվ, և տվյալների հանրային հասանելիությունը կարևոր է՝ գիտական ոլորտում ԱԲ-ի բեկումնային ձեռքբերումների խոստումն իրականություն դարձնելու համար։ Մենք կօգնենք գործընկերներին ստեղծել և ընդլայնել բաց, բարձրորակ տվյալների բազաներ, իսկ, որտեղ նպատակահարմար է, պատասխանատու մոտեցում ցուցաբերելով, նաև բացել նախկինում փակ տվյալների բազաները, որպեսզի հետազոտողները ամենուր կարողանան արդյունավետ կերպով օգտվել արհեստական բանականությունից և տվյալներից՝ տարբեր հիվանդությունների ոլորտում առաջընթաց գրանցելու նպատակով։
Բարձր մահացություն և ծանր հետևանքներ ունեցող հիվանդությունների ոլորտում առաջընթացի արագացում. մենք հավատում ենք, որ ԱԲ-ն կարող է նպաստել գիտական բեկումնային ձեռքբերումներ ունենալուն և կրճատել բուժումների ստեղծման կամ գոյություն ունեցող բուժումների վերակիրառման ծախսերն ու ռիսկերը, հատկապես բարձր մահացություն և ծանր հետևանքներ ունեցող հիվանդությունների ոլորտում, որոնք բավարար չափով չեն ֆինանսավորվում։ Մենք համախմբելու ենք ԱԲ հետազոտողներին և հիվանդությունների մասնագետներին՝ սկսելով նպատակային աշխատաժողովից՝ պարզելու, թե ինչպես լավագույնս զինել գիտնականներին ԱԲ գործիքներով և ի հայտ բերել խոստումնալից հնարավորություններ։
Ջեյքոբ Թրեֆեթենը կղեկավարի այս աշխատանքը՝ որպես կենսաբանական գիտությունների և հիվանդությունների բուժման բաժնի ղեկավար։ Նա մեզ մոտ է գալիս Coefficient Giving-ից, որտեղ վերահսկել է գիտության և առողջության ոլորտների համար նախատեսված ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհների հատկացումը։
Աշխատատեղեր և տնտեսական ազդեցություն
Արհեստական բանականությունը կփոխի աշխատանքի և տնտեսության բնույթը՝ բերելով ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ։ Մենք գիտակցում ենք, որ սա խիստ կարևոր է։ Հիմնադրամը սկսել է համագործակցել փորձագետների և համայնքների՝ քաղաքացիական հասարակության, փոքր բիզնեսների սեփականատերերի, արհմիությունների, առաջատար տնտեսագետների, քաղաքականություններ կազմող մասնագետների և այլոց հետ՝ այս ոլորտում գործնական լուծումներ մշակելու և ֆինանսավորելու նպատակով։ Մենք մտադիր ենք զգալի ռեսուրսներ տրամադրել ամենախոստումնալից մոտեցումներին և առաջիկա շաբաթների ընթացքում կկիսվենք մանրամասներով։
ԱԲ-ի կայունություն
Ինչպես նախկինում հայտարարվել էր, արհեստական բանականության կայունությունը ևս կլինի մեր հիմնական ծրագրերից մեկը։ Այս աշխատանքը կկենտրոնանա նոր մարտահրավերների վրա, որոնք անխուսափելիորեն ծագում են ավելի կարողունակ ԱԲ-ից և հնարավորություն կտա մարդկանց ԱԲ-ից լիարժեքորեն օգտվելու այնպես, որ ԱԲ-ն նպաստի մարդկային գործունակության, ստեղծարարության և հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանը։
Սկզբում մենք կկենտրոնանանք մի քանի ոլորտների վրա, որտեղ ազդեցության առաջացրած մտահոգություններն արդեն ակնհայտ են, և որտեղ, մեր կարծիքով, վաղ փուլում կատարված աշխատանքը կարող է էական փոփոխություն բերել՝
Արհեստական բանականության ազդեցությունը երեխաների և երիտասարդների վրա. մենք ուզում ենք օգնել ապահովել ԱԲ գործիքների անվտանգությունը երիտասարդների համար, ինչպես նաև նպաստել առողջ զարգացմանը։ Դա ներառում է տվյալների վրա հիմնված հետազոտությունների և գնահատման ոլորտում ներդրումներ անելը, ինչպես նաև տարբեր ոլորտների միջև համագործակցությունը՝ բացահայտելու համապատասխան պաշտպանական միջոցները, որոնք ապահովում են արհեստական բանականության և երեխաների ու երիտասարդների միջև անվտանգ և շահավետ փոխազդեցությունները։
Կենսաանվտանգություն․ մենք ուզում ենք ուժեղացնել հասարակության՝ հավանական կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարելու պատրաստվածությունը, որոնք կարող են բռնկվել թե՛ բնական ճանապարհով, թե՛ հնարավոր դառնալ ԱԲ-ի միջոցով։ Դա ներառում է հայտնաբերման, կանխարգելման և մեղմացման մեխանիզմների բարելավումը։
ԱԲ մոդելի անվտանգություն. մենք ուզում ենք, որ ԱԲ համակարգերն ի սկզբանե ավելի անվտանգ լինեն։ Դա նշանակում է աջակցել անկախ փորձարկումներին և գնահատումներին, մշակել ոլորտի նոր և ավելի ուժեղ ստանդարտներ, ինչպես նաև ֆինանսավորել հիմնարար հետազոտությունները, որոնք օգնում են կանխել անվտանգության խնդիրները կամ հայտնաբերել և լուծել դրանք վաղ փուլում։
OpenAI-ի համահիմնադիր Վոյցեխ Զարեմբան միանում է Հիմնադրամին՝ որպես ԱԲ կայունության ղեկավար՝ այս աշխատանքը ղեկավարելու նպատակով։
Աջակցություն համայնքներին
Շուտով կհայտարարենք նախնական People-First AI Fund-ից տրամադրվող դրամաշնորհների վերջին փուլը, ինչպես նաև ավելի մանրամասն կներկայացնենք, թե ինչ է հաջորդելու։
Այս աշխատանքի միջոցով, որը մեկնարկել է մեր Ոչ առևտրային հանձնաժողովիառաջարկությամբ, մենք նկատել ենք, որ համայնքային կազմակերպություններն առանձնահատուկ լավ դիրքում են՝ օգնելու մարդկանց կողմնորոշվել ԱԲ-ով պայմանավորված փոփոխություններում։ Բարձր վստահություն վայելող այս խմբերն ամենամոտն են համայնքներին, որոնց ծառայում են, և առաջնորդում են տեղում իրականացվող կարևոր աշխատանքը։
Մենք կշարունակենք ներդրումներ կատարել համայնքներին աջակցող նախաձեռնություններում, որոնց հիմնական նպատակն է օգնել մարդկանց հասկանալ արհեսատական բանականությունը, օգտվել դրա հնարավորություններից և հարմարվել դրա բերած փոփոխություններին։
Մենք կառուցում ենք մեր թիմը
Վոյցեխին և Ջեյքոբին կմիանան այլք, որպեսզի կարողանանք մեր աշխատանքն իրականացնել ավելի մեծ մասշտաբներով։
Ապրիլի կեսերին Աննա Մականձյուն միանում է որպես Քաղաքացիական հասարակության և մարդասիրական ոլորտում ԱԲ-ի ղեկավար՝ առաջնորդելու Foundation-ի աշխատանքը՝ ԱԲ-ի կիրառմամբ աջակցելու ոչ առևտրային կազմակերպություններին, ՀԿ-ներին, մարդասիրական հաստատություններին և քաղաքացիական հասարակության ավելի լայն էկոհամակարգին՝ արագացնելու և ընդլայնելու դրանց ազդեցությունը։ Աննան նախկինում OpenAI-ում զբաղեցրել է գլոբալ ազդեցության գծով փոխնախագահի պաշտոնը։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում այս աշխատանքի մասին ավելի մանրամասն տեղեկություններով կիսվելուն։
Ռոբերտ Քայդենը միանում է թիմին որպես ֆինանսական գծով գլխավոր տնօրեն։ Ռոբերտը նախկինում զբաղեցրել է ավագ ղեկավար պաշտոններ Deloitte-ում, Twitter-ում և Inspirato-ում։ Նա կօգնի ապահովել, որ մեր աճին զուգընթաց Հիմնադրամը գործի ուժեղ ֆինանսական կարգապահությամբ։
Ջեֆ Առնոլդը միանում է որպես գործառնական տնօրեն։ Ջեֆը OpenAI-ի ամենահին անդամներից է։ Նա իր կարիերան նվիրել է ընկերություններ ստեղծելուն և մասշտաբավորելուն, այդ թվում՝ Oracle-ում և Dropbox-ում զբաղեցրած ղեկավար պաշտոններում։ Նա կօգնի կառուցել գործառնական համակարգեր, որոնք անհրաժեշտ են Foundation-ի նպատակներին աջակցելու համար։
Հիմնադրամի խորհուրդը գործադիր տնօրեն է փնտրում։ Մենք առաջիկա ամիսներին կշարունակենք համալրել թիմը։
Որո՞նք են հաջորդ քայլերը
Մենք դեռևս ԱԲ-ի անհավանական հնարավորությունները բացահայտելու սկզբնական փուլում ենք։
Մենք պետք է համոզվենք, որ այս տեխնոլոգիաները մարդկանց կյանքում իրական առաջընթաց են բերում․ սա ինչպես հնարավորություն է, այնպես էլ պատասխանատվություն։ Մենք արագ կսովորենք, սերտորեն կհամագործակցենք գործընկերների հետ և ներդրումներ կկատարենք այնպիսի լուծումներում, որոնք կարող են լայնորեն կիրառվել և էական փոփոխություններ բերել։
Մեր նպատակն է ավելի շատ մարդկանց օգնել լուծել ամենաբարդ խնդիրները, ավելի լավ կերպով հոգ տանել իրենց սիրելի մարդկանց համար և կերտել լիարժեք կյանքի պայմաններ, որոնք նախկինում անհասանելի էին։
Մենք ոգևորված ենք առաջիկայում սպասվելիք աշխատանքով և եկող ամիսներին ավելի շատ մանրամասներով կկիսվենք։
Footnotes
- 1
Previously referred to as Health & Curing Diseases, this program has been renamed Life Sciences to reflect the Foundation’s focus on advancing biology and medical research as core to curing disease.